Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Եթե այս տարի գնաք Փարիզ

Եթե այս տարի գնաք Փարիզ
03.03.2019 | 14:52

Փարիզի «Լույսի արվեստանոց» թվային արվեստի կենտրոնում աննախադեպ ցուցադրություն է բացվել` «Վան Գոգ. Աստղային գիշեր»: Այցելուները ընկղմվում են նիդեռլանդացի նկարչի կտավներում, շրջում են արևածաղիկների, ձիթենիների ու կիպարիսների մեջ:

Ցուցադրությունը գործելու է մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը: Նինա Սիմոնի ու Վիվալդիի մեղեդիների ուղեկցությամբ հյուրերը զբոսնում են ցորենի արտերում ու կիպարիսի ճեմուղիներում, ճախրում մեծ աստղերի տակ ու վայրէջք կատարում Վան Գոգի Առլի տանը: Գույների ուժը, ժեստի էներգիան` վանգոգյան տիեզերքի էությունն է բացվում` գրավիչ ու ձգողական: Ցուցահանդեսի համար ընտրված են կենդանության օրոք չճանաչված հանճարի հիմնականում ուշ շրջանի կտավները, որ ակնթարթորեն Փարիզից տանում են Պրովանս:
В «Ամբողջ կյանքում Վան Գոգը 1000-ից ավելի կտավներ է վրձնել, որ հնարավորություն է տվել շատ հարուստ ցուցադրություն կազմակերպել,-պատմում է արվեստանոցի տնօրեն Միկաել Կուզիգուն:- Մեր խնդիրն էր ցույց տալ բուն գեղարվեստական նյութը մեծ չափերով, գույների խտությունը, վրձնի շարժումները, որ միշտ չէ հնարավոր նկատել ավելի փոքր ձևաչափում: Իրականում ստացվում է Վան Գոգի կտավների մեջ սուզվելու տպավորություն»: Օգնության են եկել տեխնոլոգիաները: 140 տեսպրոյեկտորները ծածկում են 3300 քառակուսի մետր պատերն ու հատակը գերհստակ պատկերներով, որի շնորհիվ հյուրը հայտնվում է կտավի «ներսում»: Ցուցահանդեսի կազմակերպումը մեկ տարի և հարյուր հազարավոր եվրոներ է պահանջել: Մասնագետներն ընտրել ու թվայնացրել են հարյուրավոր պատկերներ, որ միասնական սիմֆոնիա են դառնում AMIEX (Art & Music Immersive Experience) տեխնոլոգիայի շնորհիվ: Տեխնոլոգիան մշակել է ցուցահանդեսների ու պատմական հուշարձանների կառավարման Culturespaces ընկերությունը, որի տնօրինության տակ է «Լույսի արվեստանոցը»: Ֆրանսիայի հարավում, Առլի մոտակայքում գործում է Carrières de Lumières-ի ևս մեկ թվային կենտրոն, որ բացվել է 2012-ին: «Մենք բնավ չենք ցանկանում փոխարինել թանգարաններին, թանգարաններն իրենց դերն ունեն,- ընդգծում է Միկայել Կուզիգուն:-Մենք զբաղվում ենք թվային արվեստով` դա ստեղծագործության առանձին ոլորտ է: Այս ոլորտները կարող են միմյանց լրացնել: Մեր արածը գրավում է այցելուին, ում համար թանգարան այցելելը սովորական երևույթ չէ: Մեր այցելուների մեջ շատ են երեխաները, սա նաև մարդուն արվեստի հետ ծանոթացնելու միջոց է: Երեխաների մեջ ցանկություն է առաջանում իսկական կտավները տեսնել»:


«Լույսի արվեստանոցը բացվել է 2018-ի ապրիլին Փարիզի արևելյան մասի նախկին ձուլարանուն և թվային արվեստի աշխարհի խոշորագույն կենտրոնն է, որտեղ շատ հիշողություններ կան ինդուստրիալ անցյալի մասին: Այստեղ, օրինակ, պահպանվել է գործարանի խողովակը ու մետաղի սառեցման ջրավազանը: Մուլտիմեդիալ հարթակը համարյա անմիջապես դարձավ իր հաջողության զոհը: Գուստավ Կլիմտին ու Վիեննայի սեցեսիոնին նվիրված առաջին ցուցադրությունը (2018-ի ապրիլից 2019-ի հունվար) 1 200 000 այցելու ունեցավ: Թեպետ կազմակերպիչները 300 000 էին նախատեսել: Վան Գոգի համար պետք է մեկ շաբաթ առաջ հերթագրվել, իսկ ցուցասրահը միշտ մարդաշատ է: «Մենք նման հաջողության հույս չունեինք»` ասում է Միկաել Կուզիգուն: Այցելուները ամենատարբեր տարիքի են: Երեխաները վազվզում են` փորձելով որսալ անընդհատ սահող ինչ-որ ծաղիկ կամ նախշ, տարիքով մարդիկ գերադասում են նստարաններին նստած իրենց շրջապատող «ֆիլմը» դիտել:


«Մեր գաղափարն ու ցանկությունը արվեստը հասարակության ամենալայն շերտերի առաջ բացելն է,-ասում է Միկաել Կուզիգուն:-Այդ պատճառով էլ մեզ մոտ գալիս են ամենատարբեր տարիքի մարդիկ: Տարիքով մարդիկ քայլուն են ու պատերից մեկին են նայում, թեպետ պատկերներն ամենուր են: Երեխաները վազում են տարբեր ֆիգուրների հետևից: Ոմանք պառկում են մարգագետնին ու պարզապես նայում են: Յուրաքանչյուրը ցուցադրությունը յուրովի է ընկալում»: «Ընկղմված արվեստի» ցուցադրության հաջողությունից հետո Culturespaces ընկերությունը 2018-ին Bunker des Lumières («Լույսի բունկեր») ցուցադրություն է բացել հարավկորեական Չեջուդո կղզում: 2020-ին ծրագրվում է ևս մեկ մուլտիմեդիալ կենտրոն` Les Bassins de Lumières («Լույսի պահոցներ») բացել Բորդոյի սուզանավերի նշանավոր բազայում: «Լույսի պահոցները» Փարիզի ցուցահանդեսից հինգ անգամ մեծ են լինելու: «Վան Գոգ. Աստղային գիշեր» ցուցահանդեսը բաց է մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը: Հասցեն` Atelier des Lumières, Փարիզ, Saint Maur փողոց, 38: Ծրագրում նաև ճապոնական արվեստին նվիրված ցուցադրություն կա:
RFI


Հ.Գ. Իսկ հիմա համեմատեք Հայաստանի Ազգային պատկերասրահի կամ Նկարիչների միությունում բացվող ցուցահանդեսների հետ, որտեղ նույնիսկ հնարավորություն չկա տեղեկություններ ստանալ կոնկրետ կտավի ու կոնկրետ նկարչի մասին և եթե խմբով չեք գնում, այլ մենակ, ձեզ ոչ մեկը չի ուղեկցում ու ոչինչ չի ասում` եկել ես, մենակ զմայլվի: Եվ համեմատեք` նաև այցելուների թիվը: Միայն չասեք, որ թարգմանելով այս սքանչելի հրապարակումը` ես մոռանում եմ ինչքան ժամանակ ու գումար է ծախսվել նման ցուցադրություն կազմակերպելու համար, որ ես չեմ հասկանում Փարիզի ու Երևանի տարբերությունը: Հիշում եմ, հասկանում եմ, ավելին` գիտեմ, որ արվեստը բոլոր տարիքների մարդկանց հասանելի դարձնելու խնդիր Հայաստանում երբեք չի դրվել ու դա եղել է արվեստագետի հոգսը: Զբոսաշրջության զարգացման խնդիր ունեցող երկիրը նաև պիտի կարողանա իր արվեստը այս կերպ ներկայացնել: Միայն Մարտիրոս Սարյանի, Հակոբ Հակոբյանի ու Մինաս Ավետիսյանի «հաշվին», միլիոնավոր դոլարներ ու եվրոներ կարելի է աշխատել, եթե ցանկություն լինի ու միտքը աշխատի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ